Էկվադորի դատարանը Ասանժին զրկել է քաղաքացիությունից

523

Էկվադորի դատարանը անվավեր է ճանաչել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի էկվադորյան  քաղաքացիությունը, հայտնել է նրա փաստաբան Կառլոս Պովեդան։

«Վարչական դատարանը համաձայնել է արտաքին գործերի նախարարության փաստարկներին և անվավեր է ճանաչել Ասանժին տրված քաղաքացիությունը։ Ծանուցագիրը մենք ստացել ենք այսօր (հուլիսի 26-ին)»,- հայտարարել է փաստաբանը և հայտնել, որ այդ որոշումը կբողոքարկվի։

Ասանժի էկվադորյան անձնագիրն անվավեր է դարձվել  ընթացակարգային խախտումների պատճառով։

Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել այն նյութերը հրապարակելու շնորհիվ, որոնք մերկացնում էին ԱՄՆ անօրինությունները Աֆղանստանում և Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում։ Նա WikiLeaks կայքում հրապարակել է զինծառայողների կողմից խաղաղ բնակչության սպանությունների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև բացահայտել է ամերիկյան Գուանտանամո բանտում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ փաստեր։

Մինչև 2019 թ․ ապրիլ Ասանժը յոթ տարի շարունակ թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ էլ նրան ձերբակալել են դատարան չներկայանալու համար, ինչպես նաև Շվեդիայի և ԱՄՆ-ի պահանջով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոկիո-2020. Նաոմի Օսակայի սենսացիոն պարտությունը
Հաջորդ հոդվածըԹուրքիան Ռուսաստանին հորդորում է համակերպվել զենքի մատակարարմանը Ուկրաինային