‘«Բավարիայի» տրիումֆն ու «Բորուսիայի» ֆիասկոն’

795

Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրում երկու կարեւորագույն հանդիպում կայացավ, որոնց մասնակցում էին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչը ներկայացնող երեք գերմանական թիմերը:

Տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ «Բավարիան» սեփական հարկը տակ քարը քարին չթողեց Գելզենկիրխենի «Շալկեից» եւ 4 անպատասխան գնդակ խփեց: Չափազանց հզոր եւ տպավորիչ ֆուտբոլ է այժմ ցուցադրում մյունխենյան ակումբը եւ պարզ չէ, թե այս թիմում ինչն է հզորացնելու Խոսեպ Գվարդիոլան:

Մյուս ուշագրավ մրցավեճում Գերմանիայի գործող չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Համբուրգին»: Ձմեռային արձակուրդներից հետո «Բորուսիան» միայն հաղթանակներ էր տարել եւ ստանձնել «Բավարիային» հետապնդողի դերը:

Սակայն խաղը սենսացիոն ընթացք ունեցավ: Չնայած «Բորուսիան» շատ արագ բացեց հաշիվը, սակայն հետագայում «Համբուրգը» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաեւ առաջ անցավ: Խաղի 32-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց «Բորուսիայի» առաջատար հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Չնայած երկրորդ խաղակեսում համբուրգցիները նույնպես մնացին 10 հոգով, սակայն դա նրանց չխանգարեց եւս երկու գնդակ խփել եւ խոշոր՝ 4:1 հաշվով անսպասելի հաղթանակ տանել «Բորուսիայի» նկատմամբ:

Այնպես որ, «Բորուսիան» բավական վատ տրամադրությամբ է մոտենում «Շախտյորի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը, որը կայանալու է փետրվարի 13-ին:

Այս տուրից հետո «Բավարիան» վաստակեց 54 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիան» ունի 39 միավոր: Չեմպիոնության հարցն այստեղ լուծված է:

Գերմանիայի առաջնություն. 21-րդ տուր 

«Բավարիա» — «Շալկե»՝ 4:0

Դավիդ Ալաբա, 19 (11մ.), 52, Բաստիան Շվայնշտայգեր, 32, Մարիո Գոմես, 64

«Բորուսիա Դ.» — «Համբուրգ»՝ 1:4

Ռոբերտ Լեւանդովսկի, 17 – Արտյոմ Ռուդնեւ, 18, 62, Սոն Հին Մին, 28, 89

Նախորդ հոդվածը‘Դպրոցի տնօրենը, կեղծելով ուսուցչի ստորագրությունը, հափշտակել է նրա աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն անհանգստացած է Վրաստանում պատգամավորների հանդեպ կիրառված բռնությունների կապակցությամբ ‘