Մեծ Բրիտանիան Ուկրաինայի բանակին է փոխանցել հակատանկային հրթիռային համալիրներ

358

Մեծ Բրիտանիան ուկրաինական բանակին փոխանցել է NLAW հակատանկային հրթիռային համալիրներ, և բրիտանական խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հատուկ հանձնաժողովի նախագահ Թոբիաս Էլվուդը հայտարարել է, որ «շատ գոհ է» այդ որոշումից, թեպետ այն մի քիչ ուշացած է։ Մեծ Բրիտանիան, նրա կարծիքով, պետք է ավելի շատ աջակցի Ուկրաինային։

«Պուտինը լիովին օգտվում է Արևմուտքի թուլությունից։ Մենք անհամարձակ և համարյա վախկոտի տեսք ունենք․․․ Ես կասկածում եմ, որ ներխուժումը շատ շուտով կլինի»,- հայտարարել է պատգամավորը BBC-ի հետ զրույցում։

Չնայած բրիտանական քաղաքական գործիչների շրջանում այսպիսի տրամադրություններին՝ շաբաթ օրը միանգամից բրիտանական մի քանի լրատվամիջոցներ հաղորդել են, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը 2013 թ․ ի վեր առաջին բանակցությունները կունենա ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ։ Հաղորդում են, որ Շոյգուն առաջարկել է հանդիպել Մոսկվայում, քանի որ ինը տարի առաջ երկու երկրների պաշտպանության նախարարները հանդիպել են Լոնդոնում։

Մոսկվայի հետ նոր բանակցությունների մասին հայտարարություններից հետո Էստոնիայի արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը զգուշացրել է մեծ զիջումներ չանել Ռուսաստանին։ Նրա կարծիքով՝ Պուտինը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, և ապալիցքաթափելու հերթական փորձերի ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է դարձնել Ռուսաստանի գործողությունների վրա։ «Այդ նրանք են հնարավոր ողջ ռազմական ուժը կուտակում Ուկրաինայի շուրջ, իսկ հետո  կոշտ ձևակերպումներով պահանջներ են ներկայացնում, թե ՆԱՏՕ-ն ինչպես պետք է գործի,- ասել է Կալլասը։- Բայց ախր այդ իրավիճակը Արևմուտքը չի ստեղծել։ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն չեն ծրագրել հարձակվել որևէ մեկի վրա, իրենց ագրեսիվ չեն պահում, ուստի մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք այն, ինչ անում է Ռուսաստանը»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն արդեն Ուկրաինա է ուղարկել զենքի և զինամթերքի երկու խմբաքանակ
Հաջորդ հոդվածըՃամփորդություն Աֆրիկայից Նիդեռլանդներ՝ օդանավի շասսիի մեկուսախցում