Գերմանացի ծովակալն ասել է, որ Պուտինը հարգանքի արժանի է, ու հետո հրաժարական է տվել

409

Հնդկաստանում կայացած համաժողովում գերմանական նավատորմի հրամանատար, փոխծովակալ Կայ Ահիմ Շյոնբախը հայտարարել է, որ Պուտինը հարգանքի արժանի է, իսկ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, իսկ հաջորդ օրը, երբ այդ մասին հայտնի  է դարձել Գերմանիայում, նա իր հայտարարությունները սխալ է անվանել և հրաժարական է ներկայացրել։

«Չմտածված հայտարարությունները, որ ես արել եմ Հնդկաստանում, շատ ավելի ծանր են նստում իմ գերատեսչության վրա։ Ես այս քայլն անհրաժեշտ եմ համարում, որպեսզի իմ հասցրած վնասից պաշտպանեմ Գերմանիայի նավատորմը, բունդեսվերը և ամբողջ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը»,- Շյոնբախի խոսքն է մեջբերել գերմանական մամուլը։

Պուտինի և Ղրիմի մասին գերմանացի փոխծովակալը դատողություններ է արել ուրբաթ օրը, Դելիում կայացած Պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի համաժողովում։

«Իրականում՝ Պուտինն ուզում է, որ իրեն հարգեն․․․ Եվ, ախր, հարգանք դրսևորելն այնքան հեշտ է իրականում։ Դժվար չէ մի քիչ հարգանք դրսևորել, ինչը նա պահանջում է, և ինչին, հավանաբար, արժանի է»,- ասել է Շյոնբախը։

«Իմ հայտարարությունները համաժողովում իմ սեփական կարծիքն էին արտահայտում այդ պահին և այդ վայրում։ Դրանք որևէ կերպ չեն արտացոլում բունդեսվերի պաշտոնական դիրքորոշումն այդ հարցերում։ Ես չպետք է այդպես վարվեի, դա ակնհայտ սխալ էր»,- գրել է Շյոնբախը և մի քանի ժամ անց հրաժարական է տվել։

Փոխանցում է BBC–ն։

Նախորդ հոդվածըՃամփորդություն Աֆրիկայից Նիդեռլանդներ՝ օդանավի շասսիի մեկուսախցում
Հաջորդ հոդվածըՆոր Զելանդիայի վարչապետը հետաձգել է իր հարսանիքը կովիդի բռնկման պատճառով