‘Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո «պատվավոր պոնտիֆիկի» տիտղոս կստանա’

779

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը «պատվավոր պոնտիֆիկի» տիտղոսի կարժանանա փետրվարի 28-ին պաշտոնաթող լինելուց հետո, հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով Վատիկանի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդիի հայտարարությանը: Բացի այդ՝ նույնիսկ գահը թողնելուց հետո նրան կարելի է դիմել «Ձերդ սրբազնություն Բենեդիկտոս XVI»: Պոնտիֆիկը նաև կարող է շարունակել կրել սպիտակ  փարաջան, որը սովորաբար նախատեսված է միմիայն Հռոմի պապի համար, և կոշիկները, որոնք նրան նվիրել են անցյալ տարի Մեքսիկա կատարած այցելության ժամանակ: Լոմբարդիի խոսքերով՝ Բենեդիկտոս XVI-ն արդեն դասավորել է փաստաթղթերը և որոշել, թե դրանցից որն է վերաբերում Վատիկանի գործերին, և որն է անձնական գրագրություն, ինչը նա կարող է տանել իր հետ:

Պոնտիֆիկը Վատիկանում  կթողնի պապի մատանին, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի հանդերձանքի կարևոր ատրիբուտներից մեկն է: Բենեդիկտոս XVI-ի անձնական կնիքը, ավանդույթի համաձայն, կոչնչացվի, տեղեկացնում է BBC News-ը: Հինգշաբթի՝ փետրվարի 28-ին, պապի ամառային նստավայրում պոնտիֆիկներին պաշտպանող շվեյցարական գվարդիային կփոխարինի Վատիկանի ոստիկանությունը: Դա կխորհրդանշի անցումային փուլի սկիզբը, երբ կարդինալների կոնկլավը պետք է ընտրի եկեղեցու նոր ղեկավարին: Վատիկանի մամլո քարտուղարը նաև տեղեկացրել է, որ նոր Հռոմի պապի թեկանծությունները քննարկելու համար կաթոլիկ կարդինալների ժողովները կմեկնարկեն մարտի 4-ին: Իսկ այսօր՝ փետրվարի 27-ին, Բենեդիկտոս XVI-ը վերջին անգամ կդիմի կաթոլիկներին Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում: Հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին, նա կդադարի Հռոմի պապը լինելուց, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում այրվել է մեկ միլիոն դոլարի կահույք’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ կայքն առավոտվանից անհասանելի է’