‘Սիրիայի ներքին հակամարտությունն արդեն դուրս է եկել երկրի սահմաններից’

814

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրաքում սիրիացի զինվորականների սպանությունը: «Իրաքի տարածքում իրականացված հանցագործությունը զայրացուցիչ է: Շատ վատ է, որ սիրիական ներքին հակամարտությունը սկսում է դուրս հորդել երկրի սահմաններից՝ անմիջական սպառնալիք ստեղծելով հարևան պետությունների անվտանգությանը: Ծայրաստիճան վտանգավոր է նաև, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի ազատ են գործում անդրսահմանային տարածքներում»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Դիվանագետների գնահատմամբ՝ անհրաժեշտ է մեծացնել ջանքերը՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկխոսություն սկսելու ուղղությամբ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել բռնությունները և վճռական հարված հասցնել ահաբեկչությանը՝ հարգելով տարածաշրջանի բոլոր պետությունների ինքնիշխանությունը, նշել են Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում:

Հիշեցնենք, մարտի 4-ին Իրաքում սպանվել են սիրիական բանակի 48 զինվորականներ և իրաքցի ուժային կառույցների ինը աշխատակիցներ, ևս մի քանի հոգի վիրավորվել է: ԶԼՄ-ների հաղորդումների և Իրաքի իշխանությունների հայտարարությունների համաձայն՝  երեք երկրների՝ Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի սահմանների հատման կետում ընթացող մարտերի ժամանակ սիրիացի զինվորականների մի խումբ, իրենց վիրավորներով հանդերձ, թաքնվել է Իրաքի տարածքում: Իրաքի իշխանությունները, օգնություն ցուցաբերելով վիրավորներին, որոշում են կայացրել սիրիացիներին վերադարձնել հայրենիք: Անբար նահանգով անցնելիս անզեն մարդկանց վրա հարձակում է իրականցվել, որը վերածվել է արյունահեղ կոտորածի: Իրաքյան կողմի տվյալներով՝ հանցագործության պատասխանատվությունը կրում է Սիրիայից Իրաք թափանցած ահաբեկիչների խումբը, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Մարադոնան պատրաստ է գլխավորել «Մոնպելյեն»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կկայանա մայիսի վերջին Պրահայում’