‘iLur Բլոգ. Огласите весь список, пожалуйста!’

3673

Սեդա Մեսրոպյան

Մենք՝ հայերս, սպառող ազգ ենք: Համենայն դեպս՝ հիմա, այսօր:

Թե նախկինում՝ պատմության խորխորատներում, ինչ ենք եղել՝ չգիտեմ: Այսինքն՝ ըստ դասագրքերի ու զանազան «հայրենասիրական» մեկնաբանությունների՝  «ստեղծագործ», «աշխատասեր», «քարից հաց քամող» ժողովուրդ ենք եղել…. Մի քանի տեղերում՝ հացի փռերի ճակատին, նույնիսկ տեսել եմ «ՔարԵ հաց»  մակագրություններ: Այսինքն՝ էդ մարդիկ բառացի են հասկացել «Քարից հաց քամելը» ու… պատկերացրեք՝ քամել են…

Սա՝ ի միջի այլոց:

Իսկ հիմա՝ մենք սոսկ սպառող ենք:

Չեմ հիշում՝ ով էր ասել, մեր՝ հայաստանցիներիս մասին, բայց ինձ շատ էր դուր եկել էդ բնութագրումը. մեր հայրենասիրությո՛ւնն անգամ, մեր բնապաշտությո՛ւնն իսկ սպառողական են: Ո՛չ մի ռոմանտիկա, ո՛չ մի էսթետիկա, ո՛չ մի պոետիկա…

 Երբ մենք, օրինակ, մեքենայով ճանապարհորդում ենք Հայաստանում, բնության հրաշագեղ տեսարանների հանդիպելիս հաճախ բացականչում ենք. «Ա՜խ, տեսե՜ք, ի՜նչ լավ խորոված անելու տեղ է…»:

 Բայց ինչո՞ւ՝ միայն բնության գողտրիկ անկյունները: Ճարտարապետական գողտրիկ կառույցները ևս կարող են լավ «փարթիների» վայր լինել, մանավանդ՝  եթե դրանք զուգորդվեն, ինչպես մշակույթի նախարարությունն է «պարզաբանել»՝ «հուշարձանի հանրահռչակման» նպատակին: Օրինակ՝ Գառնիի տաճարում չե՞ք եղել: Վա՜յ, ի՜նչ եք կորցրել, էնքան լավ տեղ է, կարելի է գնալ, հա՛մ «հուշարձանը կհանրահռչակենք», հա՛մ էլ կողքը, կարծեմ, սրճարան էին  բացելու…  Ներսո՞ւմ: Էդ՝ եթե մեծ միջոցառում լինի, կարելի է նաև ներսում կազմակերպել: Նույնիսկ՝ հարսանիքներ: Ընդ որում՝ ոչ թե հարսանիքի ծիսական արարողությունը միայն, այլև խնջույքը: Հեթանոսական է, չէ՞, էդ տաճարը, ու խնջույք-խրախճանքների գաղափարը խորթ չէ նրա պարագայում:

Զվարթնոցի մասին, ճիշտն ասած, չեմ մտածել: Բայց պարզվում է՝ դա էլ վատ տեղ չէ՝ խորոված անելու կամ «կորպորատիվ փարթի» կազմակերպելու համար: «Հրեշտակների» հետ: Կամ էլ՝ «գիշերային թիթեռնիկների»: Օրավարձն էլ շատ բարձր չէ:

 Միայն պետք է խնդրենք մշակույթի նախարարությանը՝ հրապարակել «իր» բոլոր «օբյեկտների» գնացուցակը: Մեր ձեռն էլ քարի տակ չի. մեկ էլ տեսար՝ մենք էլ ուզեցինք խրախճանել հեթանոսաբար: Թեկուզ՝ քրիստոնեաբար: Կարևորը՝ «հայեցի»-աբա՛ր:

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Սա քառյակի 12 պահանջներից մեկի մասնակի կատարում է. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Նրանք «գրավել» են աշխարհը, իսկ Մեսսին՝ ոչ ‘