‘iLur Բլոգ. Աղքատության ուրվականը’

2477

Հայաստանում օրեցօր աճող աղքատությունը վաղուց արդեն դարձել է մեր երկրի տրամադրությունը: Աղքատության  ուրվականը շրջում է երկրով մեկ՝ սահմանամերձ գյուղերից մինչև մայրաքաղաք Երևան: Մայրաքաղաքի աղմուկը, լուսավորված փողոցները այդ մասին թվում է` ոչ միայն չեն հիշատակում, այլև հատուկ կերպով փորձում են կորցնել թշվառության պատկերը՝ ավելորդ պճնանքով Երևանը զարդարելով, ինչը շատ նման է մոլորված, միայնակ, տխրության ու անհուսության սահմաններին հասած որևէ մեկին ստիպողաբար արդուզարդելուն, վրան հազար գույն ու ներկ լցնելուն, որից խեղճուկրակը կորցնում է դեմքն ու հայելում անգամ չի ճանաչում ինքն իրեն: Ընդհանրապես, մեզանում շատ ընդունված տարբերակ է արդուզարդի, պճնվելու, կեղծ դիմագծերի տակ թաքցնել շատ կարևոր ցավոտ իրողություններ, որպեսզի դրանք չերևան նախևառաջ ինքներս մեզ:  Երևանն այսօր նման է մի աղջկա, ում ուսերին աղքատ ընտանիքի հայրը դրել է ամեն գնով փող աշխատելու, հարստանալու, տուն փող ուղարկելու դառը պարտականությունը: Աղջկա վաստակածը առայժմ բավականացնում է միայն հոր կարիքներին:

Իսկ երկրի հեռավոր սահմաններում ապրող բարեկամները, քույրերն ու եղբայրները առասպելներ են հյուսում քաղաք-աղջկա կյանքի մասին. պատմում են, թե նա ապրում է թագուհու կյանքով, և որ առավոտներն այդ կյանքում խաղաղ են, երեկոները՝ տոնական: Ու մինչ աղջիկը ագահ ու ընչաքաղց գործատուների կողմից անխնա շահագործվում է ու կորցնում իր ջահելության թրթիռները, իր կյանքի մասին երկրի հեռավոր անկյուններում առասպելներ հյուսող ջահելները երկրի հեռուները թողնում, գալիս են անգո քաղաք-թագավորություն՝ հույսով, որ կյանքն այստեղ ուրիշ է, ու որ աղքատության ուրվականն այստեղ տեղ չունի: Մի կարճ ժամանակ ընդամենը, ու նրանց սեփական ստվերը նույնանում է թշվառության ուրվականի հետ: Արթնանում է քաղաքը հարյուրավոր ուրվական-ստվերներով, որոնք ամեն օր կյանքի  են ելնում իրենց թշվառականի ստվերներից վերջապես պոկվելու հույսով:  Քաղաքը շարունակում է փող աշխատել, փշրանքները բաժին են հասնում թշվառության ստվերից պոկվելու երթի ելածներին, փողի առյուծի բաժինը վայելում է հայրը: Մութն ընկնելուն պես քաղաքը հագնում-կապում է իր աղքատիկ ու էժանագին լույսերը, աղմուկով  լցնում փողոցները, որպեսզի իր հեկեկոցը լսելի չդառնա: Ու մի խելահեղ պտույտով շարունակվում է կեղծ դիմակահանդեսը, որտեղ բոլորը թշվառներ են՝ ծամածռված կյանքի դիմակներով: Մի օր, անսպասելի մի օր կանգ է առնելու այս շինծու դիմակահանդեսի խելահեղ ու կործանիչ պտույտը, քանի որ շողարձակող լույսերի մեջ վաղուց արդեն արտացոլվում է երկրի իրական դեմքը, ու քաղաքը վաղուց արդեն թշվառության ստվերից պոկվելու ելածներից օգնություն է աղերսում: 

Մերի Մուսինյան  

Նախորդ հոդվածը‘«Խաղ ծախելու» մեջ մեղադրվող մրցավարները կալանավորվել են’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանը ներողություն է խնդրում Լիտվայից` ստադիոնում հայտնված վիրավորական պաստառի համար ‘