ԱՄՆ դատախազությունը կարող է մեղադրանք ներկայացնել Հանթեր Բայդենին

227

Ամերիկյան դատախազության մարմինները մոտ են նրան, որ որոշեն՝ մեղադրանք կառաջադրվի՞ ԱՄՆ նախագահի որդուն՝ Հանթեր Բայդենին՝  հարկերից խուսափելու և հրազեն գործածելու գործերով։

Այդ մասին հաղորդել են ԱՄՆ մի շարք զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում՝ The Washington Post թերթը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունները։ «Կրկին ձեզ պետք է ուղղորդեմ այդ հարցերով դիմելու արդարադատության նախարարություն»,- ասել է ամերիկյան առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը։

Ինչպես նշել է The Washington Post-ը, անցյալ շաբաթ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Հանթեր Բայդենի փաստաբանների հանդիպումը Դելավեր նահանգի՝  նրա գործը համակարգող դատախազ Դեւիդ Ուայսի հետ։ Ըստ աղբյուրների՝ Ուայսը մոտ է որոշում կայացնելու, սակայն ճշգրիտ ժամկետը հայտնի չէ։

Ինչպես դրական, այնպես էլ բացասական ելքը էապես կազդի Ջո Բայդենի վարկանիշի վրա, համոզված է թերթը, քանի որ դա ամբողջ երկրի ուշադրությունը կհրավիրի «շատ նուրբ թեմայի» վրա, որը նույնիսկ նախագահի օգնականները նրա հետ չեն քննարկում։

Թերթի տեղեկություններով՝ դեռ անցյալ տարի ՀԴԲ գործակալները բավարար քանակով ապացույցներ են հավաքել՝ Հանթեր Բայդենի դեմ հարկային հանցագործությունների և հրազենի անօրինական օգտագործման մեղադրանքներ հարուցելու համար, սակայն մեղադրանքը պետք է ներկայացնեն ոչ թե գործակալները, այլ ամերիկյան արդարադատության դատախազները, որոնք սովորաբար դա անում են այն դեպքում, եթե եղած ապացույցները կարող են հանգեցնել մեղադրական եզրակացության դատարանում, նշում է թերթը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄադրիդ․ Խաչանովը պարտվեց Ալկարասին
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ի երկրպագուները բողոքի ակցիա են իրականացրել Նեյմարի տան մոտ