Հարութ Ուլոյան․ Փաշինյանական ոչմիթիզական քարոզչամեքենան (մաս 3)

1333

Մաս 1, մաս 2

Աննախադեպ թերագնահատում ու հեգնանքի շքերթ

Պատերազմի առաջին իսկ վայրկյաններից, գրանցվող «հաղթանակների» հետ մեկտեղ, Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի հանդեպ աննախադեպ մասշտաբների հասնող հեգնական, պիտակավորման ու թերագնահատման քարոզչություն է սկսվում:

«Խուճապահար փախնում են», «Մի ժամում օպերացիա են մշակում», «Նոր մայրցամաքներ ու աշխարհամասեր չե՞ն ազատագրել», «Ճիշտ ֆոտոշոփ թող սովորեն», «Իբր ոչնչացնում են, բայց իրենք են ոչնչանում», «Դրանց տեխնիկան ոնց որ գեղեցիկ է վառվում», «Բարի գալուստ դժոխք», «Սողունները չեն կարող արծիվներին հաղթել», «Զգետնել», «Դրանց կամաց խփեք, որ հասցնենք հաշվել», «Դրանց կորուստները դասակարգեք», «Բա որ «ազատագրում» եք, ինչո՞ւ չեք այցելում այդ տարածքներ», «Իլյուշը կատաղած է, Իլյուշին խաբում են…», «Սուտը մեռնի, որ Ջեբրայիլ եք հասել… Մատաղիս… Հադրութ… Լաչին… Շուշի…», «Հող պաչելը ուժի մե՞ջ է», «Գյոռբագյոռ», «Ձեր լեշերը եկեք հավաքեք» …, — ահա այսպիսին էին ողջ պատերազմի ընթացքում քարոզվող տրամադրությունները:

Պատերազմի առաջին օրերին հակառակորդին թերագնահատելու մոլուցքն այն աստիճանի էր հասել, որ հայտարարվում էր, թե մենք 5-րդ սերնդի պատերազմ ենք վարում: Պատերազմից հետո, նույն մարդիկ արդեն հայտարարում էին, թե հակառակորդն էր 5-րդ սերնդի պատերազմ վարում, իսկ մենք կռվում էինք նախնադարյան զինատեսակներով: Ավելին, պատերազմի առաջին օրերին բացահայտ ծաղրում էին հակառակորդի օդային հարձակումները. «Սրանք գիտեին` օդուժը ամեն մեկի խելքի բանն է։ Մտածում էին` ամերիկյան «էքշն» է։ Օդուժը թթու է…»: Հայտարարում էին, որ «ԱԹՍ-ներով պատերազմ չեն հաղթում», որ նոր զինատեսակները «որոշիչ չեն»: Նույնիսկ պաշտոնական ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ զինված ուժերը «բավականին հաջող ոչնչացնում են այդ անօդաչուները» [07.10.2020]:

Հոկտեմբերի կեսերից սկսեցին քարոզել, թե հակառակորդի օդում ունեցած առավելությունը ոչինչ չի նշանակում, քանի որ նա չի կարողանում այդ առավելությունն իրացնել նաև ցամաքում: Պատերազմի վերջին օրերին նույն մարդիկ արդեն սկսեցին հայտարարել, թե շատերին է հասկանալի, որ մեր միակ լուրջ խնդիրը օդն է: Մի բան էլ բողոքում էին, թե ոչ բոլորն են այդ խնդիրն ընկալում:

Քարոզչամեքենայի նույն ներկայացուցիչները, որոնք պատերազմի առաջին օրերին հեգնաբար ծաղրում էին Ալիևին ու Էրդողանին, պատերազմի վերջին օրերին սկսեցին խոսել այն մասին, թե մենք թերագնահատում ենք մեր թշնամիներին, և որ պետք է դադարել այդ մարդկանց գժի տեղ դնել:

Իշխանությունների նպատակը. դուրս գալ ադրբեջանական տարածքներ

Որ «նոր պատերազմ` նոր տարածքներ» հայտնի կարգախոսը զուտ պահի տակ արված հայտարարություն չէր, այլ` իշխանությունների հավատամքը, պարզ դարձավ պատերազմի հենց առաջին օրերին: Գրանցվող «հաղթանակների» ֆոնին, քարոզչամեքենան սկսեց քարոզել նաև այն գաղափարը, որ մենք ոչ միայն «հող չունենք տալու», այլև՝ ունենք Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներ` Արծվաշեն, Շահումյան, Գետաշեն և այլն… Ավելին, վերլուծություններ էին ներկայացնում, թե ինչու պատերազմը չպիտի ավարտվի սովորական հրադադարով կամ նախկին դիրքերով անցնող շփման գծով: Պնդում էին, որ, բացի տարվող պաշտպանողական հաղթանակից, որը, մեծ հաշվով, ոչ մի հարց չի լուծելու, մեզ նոր տարածքային կոնկրետ հաղթանակ է անհրաժեշտ: Իրենց լրատվականներում տվյալ թեզը հիմնավորող նույնիսկ անանուն հոդվածներ էին հրապարակում: Իսկ դրա իրականացման հնարավորությունը կապում էին զուտ հնարավոր զոհերի քանակի հետ: Այսինքն, հասարակությանը հասկացնել էին տալիս, թե զոհերի հրապարակվող քանակին այդքան ուշադրություն մի դարձրեք, քանի որ պատերազմում ենք ոչ թե եղածը պահելու, այլ՝ ավելիին հասնելու համար:

Գրանցվող «հաղթանակների» օրերին նույնիսկ ամենաբարձր մակարդակով հստակ հայտարարվեց, որ «Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը» և «կզարգացնի հաջողությունները» [07.10.2020]:

Պատերազմի առաջին օրերին սկսեցին արդեն տարածել այն տեղեկությունը, թե հայկական բանակն ազատագրել է Շահումյանն ու Գետաշենը: Պաշտոնական քարոզչամեքենան, պատասխանելով տվյալ տեղեկատվության իսկությունը ճշտող հարցին, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե իրենք չեն կարող կոնկրետ ուղղությունների մասով մեր զինված ուժերի հաջողությունների վերաբերյալ տեղեկություններ հայտնել: Ինչ-որ պահի նույնիսկ Գյանջան սկսեցին վերանվանել Գանձակ: Որոշ ժամանակ անց, սակայն, քարոզչամեքենան հայտարարեց, թե Շահումյանի ու Գետաշենի մասին «կեղծ լուրեր» տարածելը մեր դեմ իրականացվող պատերազմի մի մասն է:

Սրանցից բացի, լուրջ վերլուծություններ էին արվում նաև «Լելե Թեփեի տարածքում» հայկական ուժերի կողմից խփված ադրբեջանական ուղղաթիռի վերաբերյալ տեղեկատվությունից` ակնարկելով, թե 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ կորսված այդ տարածքը հետ ենք գրավել:

«Կարևորը կամքն ու հավատն է»

Որ փաշինյանական իշխանությունների «կամքի» իրականացման միակ պայմանը «հավատն» էր, պարզ էր դեռ 2018 թվականից: Մայիսի 28-ին նվիրված միջոցառմանն այդ գաղափարը հռչակվեց որպես հաջողության գրավական: Հայտարարվեց, որ 100 տարի առաջ Սարդարապատի ճակատամարտում «պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս», սակայն հաղթեցինք, քանի որ սթափվեցինք ու հասկացանք, որ մեր երակներով հոսում է մեր մեծերի արյունը:

Նույն քարոզչությունն իրականացվեց նաև 2020 թվականի հուլիսին տավուշյան միջադեպի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում: 44-օրյա պատերազմի ընթացքում «հավատն» արդեն, ըստ էության, հռչակվեց որպես պատերազմի ընթացքը կանխորոշող առաջնային գործոն:

44 օր շարունակ քարոզվում էր, որ «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել», «Եթե չես հանձնվում, ուրեմն հաղթում ես», «Եթե չես ուզում պարտվել, չես պարտվում», «Եթե հաղթանակին չես հավատում, ուրեմն հանցանք ու մեղք ես գործում», «Պիտի մինչև վերջ հավատաս ի սկզբանե ձևավորված համոզմունքիդ», «Պատերազմական 5-րդ սերնդի տեխնիկան որոշիչ դեր չունի, կարևորը կամքն է», «Հաղթելու ենք վերջին փամփուշտով», «Ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է», «Եթե բոլորս անվերապահ հավատանք, վերջին բնագծում էլ կհաղթենք», «Եթե 100 տարի առաջ էլ հավատային, ապա Կարսը չէինք կորցնի», «Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա, պետք է պայքարել»… Սրանք էին, ահա, քարոզչամեքենայի պատկերացմամբ, հաղթանակի հասնելու առաջնային պայմանները:

Որ քարոզչամեքենան ի սկզբանե պատրաստվում էր «հավատի» միջոցով պայքարել մինչև «վերջին փամփուշտը», այսինքն` մինչև կապիտուլյացիա, խոստովանում էին նաև պատերազմից հետո: Բացահայտ հայտարարում էին, որ պատերազմը կանգնեցնելու «որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլևս իմաստ չունի» [13.11]: «Քանի դեռ կար հնարավորություն, թեկուզ տեսական հնարավորություն, պաշպանել այդ ամեն ինչը, որոշվել է կռիվ տալ մինչև վերջ» [16.11.2020], — հայտարարվում էր ամենաբարձր մակարդակներից: Եվ, ըստ էության, հենց «տեսական հնարավորություններով» են այս մարդիկ հավատացել պատերազմի հաջողությանն ու առաջնորդել այն:

Նույնիսկ պատերազմի ավարտի օրը հայտարարեցին, թե «սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել»: Քարոզչամեքենան էլ, իր հերթին, չէր դադարում մարդկանց ամենաանբարոյական եղանակներով էմոցիոնալ մանիպուլյացիաների ենթարկել: «Ով հավատացել է հայկական հաղթանակին, նա ամաչելու բան չունի», — շարունակաբար հոխորտում էին նրանք:

[Հրաշալի ձևակերպում էր, ինչ խոսք: Նույն ոգով վաղն էլ կարելի է հայտարարել, որ «Ով հավատացել է Կուր-Արաքսյան հանրապետությանը, Բաքվում թեյ խմելու հնարավորությանը, Վիլսոնյան քարտեզին, Ստամբուլն արյան ծով դարձնելու գաղափարին, նա ամաչելու բան չունի»:]

Ազնիվ խոստովանությունների մի կարճ ժամանակահատված

Եթե այժմ ողջ քարոզչամեքենան պրոպագանդում է այն կեղծիքների շարքը, թե պատերազմն անխուսափելի էր, թե Շուշին հանձնելու պահանջն ի սկզբանե դրված է եղել սեղանին, թե պատերազմն անհնար էր ավելի վաղ կանգնեցնել, ապա պատերազմի ընթացքում, ինչպես նաև պատերազմից անմիջապես հետո և դրան հաջորդող կարճ ժամակահատվածում, իշխանությունները հրապարակայնորեն հանդես էին գալիս բոլորովին այլ հայտարարություններով:

Խոստովանություններ էին հնչում, որ

— պատերազմից կարող էինք խուսափել, եթե չհակադրվեինք Մինսկի խմբի պլանին և համաձայնեինք հայտնի սկզբունքներին,

— այդ պլանում խոսվում էր ոչ թե 7 շրջան վերադարձնելու մասին, այլ` 5,

— շրջանների վերադարձի վերաբերյալ միջազգային հանրության մոտ ձևավորված է եղել կոնսենսուս:

Թե´ պատերազմի առաջին օրը, թե´ պատերազմի ընթացքում, թե´ պատերազմի ավարտի օրը հայտարարում էին, որ պատերազմը հնարավոր է/էր կանգնեցնել, եթե համաձայնվենք հայտնի պլանին՝ հընթացս ավելի վատ տարբերակին:  Իսկ մինչև պատերազմը Շուշին հանձնելու մասին խոսք չի էլ եղել. «Շուշիի հանձնման պայմանը առաջադրվել է եթե ոչ ի սկզբանե, համենայնդեպս` սկզբնական շրջանում» [16.11.2020]:

[Թե պատերազմի ընթացքում կոնկրետ որ օրերին է Ադրբեջանի կողմից առաջ քաշվել Շուշին հանձնելու պահանջը, կարելի է միայն ենթադրել, սակայն փաստը մնում է փաստ, որ թե´ նախապատերազմական շրջանում, թե´ պատերազմի առաջին օրերին Մինսկի խմբի պլանով Շուշին հանձնելու պահանջ չի եղել: Իսկ փախստականների հնարավոր վերադարձին համաձայնելն ու քաղաք հանձնելը նույնացնելն ընդամենը անբարոյականության առաջնային ցուցիչն են:]

Խոստովանությունների շարքում հայտարարում են նաև, որ կամ պետք է ընդունեին այդ առաջարկները` անցնելով «առարկայական բանակցությունների», կամ պետք է փորձեին փոխել «բանակցային տրամաբանությունը»: Ընտրում են երկրորդ տարբերակը, սակայն «հենց դրանում էր ձախողումը, որովհետև պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ». «Եթե մենք ասեինք համաձայն ենք, պատերազմը իհարկե կկանխվեր: Պատերազմը նման պայմաններում կարող էինք նաև կանգնեցնել» [04.01.2021]: Եթե, թեկուզ, պատերազմից մի տարի առաջ իշխանություններն ընդունեին բանակցային տրամաբանությունն ու համաձայնեին վերադարձնել 5 շրջանները, ապա «կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր» [10.11.2020]:

…«Եվ դա ճշմարտություն է»:

Նախորդ հոդվածըԲանակցություններ Մինսկի և Բրյուսելի միջև
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը կոչ է արել օգնել չքավորներին