Բլոկադային պատմություններ․ Պեստո

751

1-ին մաս 2-րդ մաս 3-րդ մաս

Երբ տարիներ առաջ ինձ համար բացահայտեցի պեստո սոուսը, դրանից հետո սկսեցի ինքս պատրաստել․ դե, թարմ սոուսն ամեն դեպքում ավելի համով է, քան բանկայով վաճառվող պատրաստի խյուսը։ Գոնե ես այդպես էի կարծում։ Կարծեմ 2019 թվականն էր, ամռանը Ստեփանակերտում խելքիս փչել էր պեստո սոուսով պաստա պատրաստել․ երեւանյան հովերով տարված՝ գնացի մոտակա բանջարեղենի խանութ՝ ռեհանի։ Հետո մի ժամի չափ դեսուդեն ընկա, չկար ոչ միայն կանաչ ռեհան (բազիլիկ), այլեւ՝ սովորական ոչ մի ռեհան չկար։ Սպառված էր ամենուր։ Վերջին հույսով հասա «Կալցեվոյից» ներքեւ գտնվող փոքրիկ շուկան, որտեղ գյուղացիները բերում, իրենց ապրանքն էին վաճառում, այնտեղ միայն մի վաճառողուհու մոտ գտա սովորական, հալից ընկած, կիսաճլորած երկու փունջ մանուշակագույն ռեհան, բայց դե քանի որ պեստոն ամեն դեպքում պիտի պատրաստվեր, գույնն արդեն էական չէր, տո սեւ էլ լիներ, առնելու էի․ արդեն մերոնց մոտ գլուխ էի գովել, հո խայտառակ չէի՞ լինելու։

Բլոկադայի մեկնարկից օրեր անց արդեն, երբ Ստեփանակերտի խանութներում գրեթե կատարյալ դատարկություն էր տիրում, խանութ գնալն արդեն անիմաստ էր թվում, եթե խանութի դիմաց հերթեր չէին նկատվում։ Միայն կլոր, խառը՝ գլուխ գլխի տված, համարյա Բերդ պարի պես հերթերն էին հուշում, որ խանութում ինչ-որ բան են ստացել, իսկ ա՛յ թե ինչ՝ էդ պիտի հիմնականում հերթ կանգնեիր, մտնեիր խանութ, նոր իմանայիր, քանի որ պատահական հերթին միանալուց հետո «հերթավորները» հաճախ դժկամությամբ կամ ցրելով էին պատասխանում «ի՞նչ են ստացել» հարցին։ Եւ ուրեմն, բլոկադային ոսկե կանոն՝ եթե խանութի մոտ հերթ չկա, ուրեմն խանութում իրավիճակ չի փոխվել, ռեժիմն էլ խուճապի մեջ չէ։

Բայց դե ես ամեն երեկո (ընդ որում՝ երեկոյան ժամը պետք էր բռնեցնել լույսի գրաֆիկի հետ) ռուսների ասած՝ как ни в чем не бывало, հագնում էի սիրուն շորեր, վերցնում գեղեցիկ պայուսակներիցս մեկը, ու եթե երեկոյան ցուրտ եղանակ էր՝ ցանում էի Անուշիկի՝ Փարիզից նվեր բերած «Coco Mademoiselle» օծանելիքն ու լուրջ դեմքով գնում էի «առեւտուր անելու»։ Հերթով մտնում էի հանդիպող բոլոր խանութները (որպես կանոն՝ վերջում գոնե մի փոքր չոփ էի առնում), ու հուսահատ եւ միաժամանակ հուսառատ հայացքով աջուձախ էի նայում, գոնե մի պիտանի բան գտնել էր պետք, գոնե մի բան, որ կարելի էր օգտագործել կերակուր պատրաստելու ընթացքում։ Նայում էի հուսահատ, քանի որ պիտանի ցանկցած բան արդեն իսկ մարդիկ տարել էին, մնացել էին միայն խմիչքները, հիմնականում՝ թանկ, սպասք ու նման բաներ։

Ահա այդպիսի մի ձմեռային երեկո մեկ էլ գրեթե դատարկ խանութի ուտելիքի դատարկ բաժնում մի քանի շիշ եմ տեսնում։ Աչքերիս չեմ հավատում։ Դե, որովհետեւ բարդ է վատ տեսնող աչքերին հավատալը։ Բայց հեռվից զգում եմ՝ ձիթապտղի ձեթի նման շշեր են, ու կողքը՝ փոքրիկ կանաչավուն բանկաներ։ Համ քայլում եմ դեպի այդ բաժինը, համ ինքս ինձ մտածում եմ՝ ո՞նց կարող էր ձեթն այդպես ազատ, ներկայիս մոդայիկ արտահայտությամբ՝ ինքնիշխան տեղակայվել դարակի վրա, եւ ոչ մի ձեռք չոտնձգեր դրանց, ո՞նց կարող էր այդքան մարդ մտնել խանութ, բանկայով ուտելու բան տեսնել, բայց չխախտեր դարակների տարածքների ամբողջականությունը։ Էս ի՞նչ խաղաղության դարաշրջան է, էս ի՞նչ խաղաղության խաչմերուկ է, էս ի՞նչ տոլերանտություն է։ Ուրեմն, համ ինքս ինձ համոզում եմ զուր չմոտենալ, համ էլ՝ ավտոմատ քայլում եմ դեպի դարակները։ Մարդ ես, էլի, մեր բարբառով ասած՝ բալքի սա տեսիլք չէ։ Մի խոսքով, մոտենամ տեսնեմ ի՞նչ՝ ձեթն իհարկե, խաբկանք էր, ձեթ, իհարկե, չկար, այդ շշերով բալզամիկ քացախ են վաճառում, իսկ կողքն էլ՝ ա՛յ քեզ հրաշք, փոքրիկ բանկաներով պեստո սոուս, սիրուն փոքրիկ բանկաներով պեստոներ, հա էլի, հրաշքներ լինում են, սոուսներն անտեսվել են, արհամարհվել են։ Բախտս հո չի՜ բերել, մարդիկ էնտեղ պեստո սոուս չեն սիրում, նույնիսկ՝ բլոկադայի ժամանակ, նույնիսկ՝ սոված մարդիկ։ Կոլչակի ոսկին գտած գանձագողի այնպիսի գոհ ու հիացած դեմքով էի կանգնել շշերի ու բանկաների մոտ, որ մի քիչ էլ՝ ու Արքիմեդը դուրս կգար պաղպաղակների դատարկ սառնարանից ու կգոռար՝ Էվրիկա։ Երջանիկ ապուշի ժպիտով գրկեցի պեստոյի երեք փոքրիկ բանկաները, վերցրի բալզամիկ քացախի շշերից մեկն ու հենց նոր Բաբելոն մտած Ալեքսանդրի դեմքով մոտեցա դրամարկղին։ Դե բա հաղթանակ էր, տո ի՜նչ հաղթանակ, նվաճո՜ւմ էր։

Պեստոն՝ հասկանալի է, երեք անգամ վատ մակարոնի «փայ» դարձավ, իսկ ահա բալզամիկ քացախը դարձավ իմ փրկությունը այն բոլոր օրերին, երբ կիտրոն չէր ճարվում, բայց փոխարենը կարելի էր նյույորքյան գներով պոմիդոր, վարունգ ու սալաթի տերևներ ճարել։ Ահա բոլոր այդ օրերին բալզամիկ քացախը թեթեւ հանգրվանում էր սալաթների մեջ, ու 20-րդ դարի սկզբի փարիզյան ռեստորանների ոճով՝ համարյա մոմի լույսի ներքո (մենք լիցքավորվող փոքրիկ լամպեր էինք տանը տեղադրել) սալաթներ էի մատուցում։ Աբսուրդի պատկերն ամբողջացնում էին կտորից անձեռոցիկները․ քանի որ սովորական անձեռոցիկները վաղուց արդեն «քաղցր հուշ» էին դարձել, մենք հանել էինք մեր՝ սովետից մնացած ու դեռ չօգտագործված կտորից անձեռոցիկների հավաքածուներից մեկը, էն որ ասում էին՝ на двенадцать персон, ու դա էինք օգտագործում։ Համ սեղանի վրա ահագին տարածք էին զբաղեցնում, փակում դատարկ տարածքները, համ էլ՝ միանգամից կտրում էին մեզ «Արջամկան օրը» հիշեցնող իրականությունից։ Հատկապես, երբ զոռ տված երեւակայության արդյունքում ծնված քիչումիչ յուրահատուկ ուտելիքի հետ ժամանակ առ ժամանակ տեղական գինի էի մատուցում՝ գինու սիրուն բաժակներով։

Բալզամիկ քացախի շիշն այդպես էլ կիսատ մնաց Ստեփանակերտի մեր տանը։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Պուտինը դեռ որոշում չի կայացրել 2024 թ․ ընտրություններում առաջադրվելու մասին
Հաջորդ հոդվածըՉավին՝ ֆուտբոլիստների քննադատության մասին